ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ներկա է գտնվել Հայաստանի եզդիական համայնքի Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնին նվիրված միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:
«Վարչապետը շրջայց է կատարել եզդիական Զիյարատ տաճարի հուշահամալիրի տարածքում, որի ընթացքում ներկայացվել է եզդի ժողովրդի 10 ազգային հերոսների պատմությունը։ Փաշինյանը նաև այցելել է Զիյարատ մեծ տաճար»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը միջոցառման ընթացքում նաև ելույթ է ունեցել՝ շնորհավորելով եզդիական համայնքին ազգային Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով։ Վարչապետը մաղթել է բոլորին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և զարգացում։
Ելույթում նա ընդգծել է, որ սա կարևոր իրադարձություն է ու ապրելով կողք կողքի՝ ՀՀ բազմաթիվ բնակիչներ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, տոնակատարությունների, արարողությունների մասին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եզդիների հետ տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, բայց նույն ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Նա ընդգծել է, որ եզդիներն ու հայերը նույն անձնագրերն ունեն, հետևաբար Հայաստանում բոլորն ունեն նույն իրավունքները, ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է պետության կողմից։
Վարչապետը շեշտել է, որ իր խոսքերը վերաբերում են ՀՀ-ում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին և ընդգծել, որ իր համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։