ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Դատախազը միջնորդել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել:
«Դատարանը դեռ որոշում չի կայացրել, այս պահին ընդմիջում է հայտարարվել», - հայտնեցին դատարանից։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։