ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և կմասնակցի ԱԺ ընտրություններին։ Լուրը հրապարակվել է քաղաքական ուժի ֆեյսբուքյան էջում։
«Ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների` կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։