ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է հասցեագրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին, որ նա առաջնահերթության կարգով քննության առարկա դարձնի Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
«2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:30-ին, Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ ունենալու ենք դատական նիստ»,–ասաց Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ այսօր յուրաքանչյուր ժամն էական նշանակություն ունի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից:
Վարդևանյանը մանրամասնեց, որ երբ արդեն գործը գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ է առնում նախնական դատալսումները, դրանք էլ իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց այժմ ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումն է:
«2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին: Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ կապահովվի»,- նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։