Արշակ սրբազանը չի կալանավորվի. դատարանն անփոփոխ թողեց խափանման միջոցը

Մեղադրող դատախազը պնդում էր, թե Արշակ սրբազանը՝ որպես ազդեցիկ անձնավորություն, կարող է ներգործել գործով էական նշանակություն ունեցող վկաների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը կրկին չի կալանավորվի. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանն անփոփոխ թողեց նրա խափանման միջոց վարչական հսկողությունը։
Արշակ սրբազանի գործով առաջին դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Ալիսա Բոյաջյանը միջնորդեց հոգևորականի նկատմամբ կրկին կալանք կիրառել։
Մեղադրանքը կառուցվածք է ցնորքների վրա․ Արշակ սրբազան
«Վարույթը դեռևս նախնական դատալսումների փուլում է, չեն հարցաքննվել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր անձինք։ Ավելին` առկա են տվյալներ, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է մի քանի անձանց ներգրավմամբ, ինչը էապես մեծացնում է ցուցմունքների համաձայնեցման և ապացուցման գործընթացին միջամտելու վտանգը»,- ասաց դատախազը։
Նրա պնդմամբ՝ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները թաքցնելու, ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։ Դատախազի խոսքով՝ Արշակ սրբազանն ազդեցիկ դիրք զբաղեցնող անձ է, ինչը նրան լծակներ է տալիս ներգործելու այլ անձանց վրա։
Դատավորի որոշմամբ՝ Արշակ սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը մնաց անփոփոխ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 16։00–ին։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։
2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։
Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։