ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան ցանկանում են ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության նոր փուլ կազմակերպել մինչև ապրիլի 21-ը՝ հրադադարի ժամկետի ավարտը: Այս մասին հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ բոլոր կողմերը նախկինի պես կարծում են, որ գործարքը հնարավոր է, իսկ միջնորդները փորձում են հարթել առկա տարաձայնությունները և Վաշինգտոնին ու Թեհրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ:
«Մենք դեռ լիակատար փակուղում չենք։ Դուռը դեռ փակ չէ: Երկու կողմն էլ սակարկում է, սա շուկա է», - ասել է ԶԼՄ–ի աղբյուրը։
Նույն լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է հարվածների վերսկսման հնարավորությունը, եթե ծովային շրջափակումը Իրանին չստիպի փոխել դիրքորոշումը. նոր հարվածների թիրախում կարող են հայտնվել նաև ենթակառուցվածքային օբյեկտները, որոնց Թրամփը սպառնացել էր հարվածել դեռևս հրադադար հայտարարելուց առաջ: Ամերիկացի պաշտոնյան պնդել է, որ և՛ շրջափակումը, և՛ Պակիստանում կայացած բանակցություններից դուրս գալու ամերիկյան որոշումը շարունակական բանակցային ճնշման մաս են կազմում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։