ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել անվասայլակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել։
«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմեց փաստաբանը։
Ճիշտ է` մի քանի օր առաջվա համեմատ Դավիթի վիճակը բարելավվել է, սակայն Էլբակյանի խոսքով` բժիշկները զգուշացրել էին, որ նա պետք է գտնվի իրենց վերահսկողության տակ։
Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել:
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։