Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել. փաստաբան

Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին քիչ առաջ «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել:
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։