Դատախազությունը կբողոքարկի Գարեգին Բ–ի խափանման միջոցի վերացման դեմ որոշումը

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Փաստաբան Արա Զոհրաբյանը ապրիլի 10-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման:
«ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ»,– նշեցին դատախազությունից։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։ Բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Երկրորդը չկարողացավ մեկնել Վրաստան և ներկա լինել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը: