Իսլամաբադում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններն արդյունք չեն տվել

ԱՄՆ-ի և Իրանի հաջորդ բանակցությունների տեղն ու ժամանակը դեռևս որոշված չեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները արդյունք չեն տվել, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ասուլիսի ժամանակ։

«Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները, մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության և, կարծում եմ, դա վատ է ավելի շատ Իրանի, քան ԱՄՆ-ի համար»,-ասել է Վենսը։

Ապրիլի 11-ին Իրանն ու ԱՄՆ-ն Իսլամաբադում բանակցություններ են սկսել այն բանից հետո, երբ 3 օր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Թեհրանի հետ երկու շաբաթով հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին:
Վաշինգտոնի առանցքային պայմանը մնում Է Թեհրանի հստակ պարտավորությունը՝ հրաժարվել միջուկային զենքի մշակումից և տեխնոլոգիաներից, որոնք թույլ են տալիս արագ ստեղծել այն:
«Մենք պետք է տեսնենք միանշանակ և երկարաժամկետ հանձնառություն միջուկային զենքից հրաժարվելու հարցում։ Առայժմ դա չկա»։
Իրանի ԱԳՆ-ում էլ հայտարարել են, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, սակայն 2-3 կարևոր հարցերի վերաբերյալ կարծիքները բաժանվել են, ինչի պատճառով համաձայնություն ձեռք չի բերվել: Բանակցություններն անցել են անվստահության մթնոլորտում, և ոչ ոք չէր սպասում, որ համաձայնությունը ձեռք կբերվի մեկ նստաշրջանում, նշել են իրանական գերատեսչությունում: Թեհրանը հայտարարել է նաև Վաշինգտոնի «չափից դուրս պահանջների» մասին։
Իրանական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդել է, որ պաշտոնական Թեհրանը խելամիտ նախաձեռնություններ և առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում, այժմ ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից, որը պետք է խնդիրների լուծմանը իրատեսորեն մոտենա:
«Իրանը ողջամիտ նախաձեռնություններ և առաջարկներ է ներկայացրել բանակցությունների ընթացքում։ Այժմ ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից, որը պետք է իրատեսորեն վերաբերվի խնդիրների լուծմանը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրանական պատվիրակությունը նույնպես հեռացել է Պակիստանից։
ԱՄՆ-ի և Իրանի հաջորդ բանակցությունների տեղն ու ժամանակը դեռևս որոշված չեն:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որսպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։