ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը փոխանցել զավակներին։ Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ մեծ էկրանին ներկայացվեց նրա ելույթը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին գնում է հաղթելու նպատակով։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու։ Այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իր աթոռի։ ՔՊ-ի կեղծ սրտիկները փոխարինելու ենք մեր հայկական, իրական սրտերով, իսկ մեր սիրտը Հայ առաքելական եկեղեցին է, Արարատ լեռն է»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա նշեց, որ ընտրություններին իրենց մեծ հաղթանակ է պետք է, որ կարողանան արագ իրականացնել այն մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։
«Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա»,- ասաց Կարապետյանը։
Գործարարը շեշտեց` այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը։
«Եվ մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով, Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը` դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Արդարությունն ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում»,– վստահեցրեց Կարապետյանը։
Նա նաև ներկայացրեց, թե իրենց քաղաքական ուժն ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու։
«Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում, մենք վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում։ Վարչակարգը քայքայել է սփյուռքի հետ հարաբերությունները։ Մեր քաղաքական ուժը կարող է վերականգնել թե՛ հարաբերությունը, թե՛ սփյուռքի հետ վստահությունը հայրենիքի հանդեպ»,– ասաց Կարապետյանը։
Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով։