Ամերիկյան ռազմանավերը չեն հատել Հորմուզի նեղուցը. Իրանը հերքում է լուրը

Ավելի վաղ «Axios»–ը գրել էր, թե ամերիկյան ռազմանավերը հատել են Հորմուզի նեղուցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության աղբյուրը հերքում լուրն այն մասին, թե ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը հատել են Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Ավելի վաղ «Axios»–ը գրել էր, թե ամերիկյան ռազմանավերը հատել են նեղուցը, սակայն, ըստ իրանական կողմի, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Այսօր «Tasnim» գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը որոշել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել իրանական ակտիվների ապասառեցման և Լիբանանում հրադադարի հաստատման հարցերի շուրջ:
«Fars» գործակալությունն իր հերթին գրել էր, որ Իրանի զինված ուժերը հետևում են ԱՄՆ ՌԾՈւ էսկադրային ականակրի տեղաշարժին, որը դուրս է եկել Ֆուջեյրա նավահանգստից և ուղղվում է դեպի Հորմուզի նեղուց: Ըստ այդ տվյալների՝ նավի տեղաշարժի մասին տեղեկությունները փոխանցվում են Իսլամաբադում գտնվող իրանական պատվիրակությանը, որն էլ պակիստանցի միջնորդի միջոցով փոխանցում է ամերիկյան կողմին:
Ինչպես պնդում է «Fars»-ը, Իրանը նախազգուշացում է ուղարկել ամերիկյան նավին` հայտարարելով, որ շարժը շարունակելու դեպքում այն կարող է հարվածի թիրախ դառնալ 30 րոպեի ընթացքում: Գործակալության տեղեկություններով՝ սա հանգեցրել է էսկադրային ականակիրը կանգնեցնելու հրամանի և կարող է ազդել կողմերի միջև բանակցությունների ընթացքի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ, որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատում է ակնկալում:
Պակիստան մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս էր հայտնել, որ բանակցությունները կառուցողական բնույթ կունենան: Նա նշել էր, որ ամերիկյան պատվիրակությունը գործում է երկրի ղեկավարությունից ստացած հստակ հանձնարարականների շրջանակում և պատրաստ է երկխոսության՝ Իրանի կողմից «բարեխիղճ մոտեցման» պայմանով:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։