Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Այս եկեղեցին կառուցվել էր Ստեփանակերտի հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները հերթական անգամ վանդալիզմի է դիմել՝ քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

«Մոնիտորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը` օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ առաքելական եկեղեցու տաճարը, որը կառուցվել էր 2007 թվականին։ Եկեղեցու հիմնարկեքը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2007 թվականի սկզբին՝ ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանի աջակցությամբ` ի հիշատակ նրա որդու՝ Հակոբ Եփրեմյանի։ Այս եկեղեցին կառուցվել էր Ստեփանակերտի հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դեռևս 19-րդ դարի վերջից Ստեփանակերտում գործել է միանավ ծխական եկեղեցի, որը խորհրդայնացումից հետո վերածվել է մշակույթի տան, իսկ 1950-ականներին վերակառուցվել Ստեփանակերտի պետական հայկական դրամատիկական թատրոնի։
Արցախի Մարտունիում ավերել են Մեծ Հայրենականի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը