Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման. փաստաբան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն. Արխիվային լուսանկար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) փետրվարի 14–ին որոշում էր կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը:
Նրա խոսքով` քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Վեհափառի պաշտպանի բողոքը բավարարելու մասին»,–նշել է Զոհրաբյանը:
Հավելենք, որ բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Բ կաթողիկոսը չէր կարողացել մեկնել Վրաստան և մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: Իսկ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։