ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ դատարանները անվավեր են ճանաչում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծարելու հրամանները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ վերահսկողական կոմիտեն։
«Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում հօգուտ աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին»,– նշել է կոմիտեն։
ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հիշեցրել է, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ դրամ, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016–2025 թթ.:
«Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել»,– ընդգծել են կոմիտեից:
ՀԷՑ վերահսկողական կոմիտեից վստահեցրել են` այս ամենի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ–ի նախընտրական PR–ն է անում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հաշվին՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու:
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը օրերս հայտարարեց, որ դատարանն իր որոշմամբ մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների որոշ մեղադրանքները` ուղղված «Տաշիր կապիտալ» ընկերությանը, որին զրկել են ՀԷՑ–ի լիցենզիայից։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։ Մարտի 27–ին դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցը:
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։