Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ–ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` ընկերությունը կառավարելու համար միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրելու են հնարավոր ամենաարդյունավետ ու պրոֆեսիոնալ կառավարչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա հատկապես Հայաստանի սպառողների պահանջով։
«Մենք տասնյակ անգամ աշխատանքային կարգով զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ, ու կայացվել է որոշում։ Հիմա ՀԷՑ–ը ՀՀ կառավարության տիրապետության ներքո է և կշարունակի այդպիսին լինել»,– համոզված է Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ իրենց վերջնանպատակն է, որ ՀԷՑ–ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն և միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրեն հնարավոր ամենաարդյունավետ ու պրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա ՀԷՑ–ը կառավարի այնպես, որ Հայաստանի սպառողների շահերը պաշտպանված լինեն։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։