Գագիկ Ծառուկյանը չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

ԲՀԿ առաջնորդը վարչապետի 4 թեկնածու ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում պաշտպանել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Նա այդ մասին հայտարարեց ԲՀԿ-ի համագումարից և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Հներից որևէ մեկի հետ չեմ պատկերացնում կոալիցիա, ոչ էլ այսօրվա գործողների հետ»,- նշեց Ծառուկյանը։
Լրագրողները ճշտող հարց տվեցին` պատրա՞ստ է ընտրություններից հետո միավորվել «Հայաստան» դաշինքի հետ, եթե դրանից կախված լինի իշխանափոխությունը:
«Եթե Քոչարյանը պետք է դառնա վարչապետ, ապա ոչ»,- պատասխանեց նա:
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին սատարելուն, ապա Ծառուկյանը նշեց՝ այդ հարցը կքննարկեն։
Նա վստահեցրեց, որ պաշտոնի չի ձգտում, շուրջը հավաքված մարդիկ` նույնպես. իրենց համար կարևորը պետությունն է, և այդ սկզբունքով են շարժվում։
«Վարչապետի 4 թեկնածու ունեմ, բայց ես չկամ։ Ցանկացած թեկնածու կներկայացնի իր ապրածը, աշխատածը, կլինի քվեարկություն։ Եթե իմ թիմը համաձայնի այդ թեկնածուի հետ, ապա նա էլ կլինի թեկնածուն»,- ասաց Ծառուկյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ ընտրություններին. հայտարարություն