ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փաստաբանները Դավիթ Մինասյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն արդեն ստացել են և ուղարկել վերաքննիչ քրեական դատարան:
«Բժշկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում ... Այնինչ այդ օրը եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»,- գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում:
Գերատեսչությունից հայտնել են, որ 30-օրյա ժամկետում կպատասխանեն դիմումին։ Դասընկերներից մեկը նշեց` դիմումը հանձնելով հույս ունեն, որ դատախազը հաշվի կառնի մարդասիրական գործոնը՝ ելնելով առողջական վիճակից։
Դավիթ Մինասյանի դասընկերը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում այլ ակցիա նույնպես կիրականացնեն։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։