Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել. մանրամասներ

Սահակյանի նկատամամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը և չբացակայելու արգելքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը` նշելով, որ Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Պաշտպանը նոր գործի հետ կապված մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ զգուշացված է նախաքննական գաղտնիքը չհրապարակելու վերաբերյալ:
«Արման Սահակյանին հարցաքննել են ու կատարել այլ քննչական գործողություններ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով` գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ ազատ է արձակվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: ԶԼՄ–ների տեղեկություններով՝ նա հարցաքննության էր կանչվել նույն գործով։
Հիշեցնենք` Արման Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։
2024թ–ի հուլիսի 1–ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն դրամը վերականգնել է։
2025 թվականի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չկալանավորվեց, նրա նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց` վարչական հսկողություն։