ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած «Հայ ազզգային կոնգրես» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Քաղաքական ուժն այդ մասին հայտարարություն է տարածել։
Մարտի 15–ին կայացած համագումարի ժամանակ ՀԱԿ–ը հայտարարեց, որ իրենց նախանշած սկզբունքների և նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը, այդ իսկ պատճառով պատրաստ են սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ։
«ՀԱԿ–ը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ: Հետևաբար ՀԱԿ–ը կմասնակցի ընտրություններին առանձին»,– ասված է հայտարարությունում:
Կուսակցությունը միևնույն ժամանակ ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։