ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հետազոտությունները դեռևս կատարում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ–շատ թույլ է։ Այս ֆիզիկական, հոգեբանական սթրեսներն անգամ մեծ մարդու բան չեն, էլ ուր մնաց 18 տարեկանի։ Միայն երեկ 5 անգամ այցելել եմ, ճիշտ է` Դավիթի հետ չեմ խոսել, բայց դռներից այն կողմ տեսել եմ նրա վիճակը»,- ասաց Էլբակյանը։
Փաստաբանը հավելեց, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը ուզում է հաղորդություն ստանալ, և իրենք սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։
Ավելի վաղ Դավիթի պաշտպանները գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել էին, որ տղայի խափանման միջոց կալանքը փոխվի։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։