Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա ղեկավարին

Նիկոլ Փաշինյանի և 18–ամյա դպրոցականի աղմկահարույց գործով քննիչը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է, որն ազատվել է աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին: Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։
ArmLur.am-ը աշխատանքից ազատումների հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմել է Քննչական կոմիտե, սակայն գերատեսչությունից մեկնաբանություն չեն տվել։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։