ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավրված 18-ամյա Դավիթ Մինասյանին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ նրա վիճակը կտրուկ վատացել է։
Առավոտյան հայտնի դարձավ, որ Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ պարզվեց, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։ Մայրը նշել էր, որ Դավիթը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։