18–ամյա Դավիթ Մինասյանի վիճակը վատացել է․ նրան տեղափոխել են «Աբովյան», ապա «Նաիրի» ԲԿ

Ավելի վաղ 18-ամյա երիտասարդին տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ նրա դպրոցական կրթությունը չընդհատելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխում են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանը։
18-ամյա Դավիթը սովորում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ նրա դպրոցական կրթության անընդհատության ապահովման նպատակով։
«Դավիթ Մինասյանը «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվում է հիվանդանոց, լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել է Մարտիրոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ Դավիթի մայրը բաց նամակ էր գրել դատարանին՝ խնդրելով հնարավորություն տալ որդուն հիմնական դատալսումներին սպասել տանը։ Մայրը հայտնել էր, որ որդին ունի առողջական խնդիրներ, ինքը մասնագիտությամբ բժիշկ է, և 4 տարեկանից ամենօրյա ռեժիմով հոգ է տանում որդու առողջության մասին։ Առողջական մի շարք խնդիրներից զատ Դավիթն ունի նաև դեղորայքային և սննդային ալերգիաներ։

Թարմացում. ավելի ուշ Լուսինե Մարտիրոսյանը գրեց, որ Դավիթի վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։

Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։