ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կալանավորվեց 2 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Երեկ հայտնել էինք, որ ՔԿ–ն միջնորդել է 2 ամսով կալանավորել նրան։
«Այն միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության տակ կամ տնային կալանքի տակ գտնվել։ Ոչ մի բան հաշվի չառան»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Պաշտպանը նշեց՝ չեն հանձնվելու, անպայման բողոքարկելու են։
«Բա հո չե՞նք թողնելու, որ երեխեն էնտեղ մնա։ Հրել են, գցել են գետնին, անգամ տեսաերիզում երևում է, որ տղայի ծնոտը ցավում է։ Ժողովուրդ, այս մեղադրանքներն իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Մենք հիմա մի տեղ ենք, որը լավ չի տանելու մեր երկիրը»,- ասաց Մելքոնյանը։
Փաստաբանը շեշտեց՝ այսօր դատարանը Դավիթին զրկեց դպրոցն ավարտելու իրավունքից։ Մելքոնյանի խոսքով՝ գործով երկու վկաներ են հարցաքննվել՝ թիկնազորի աշխատակիցներ։
18-ամյա Դավիթին, որն առողջական խնդիրներ ունի, տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այսօր երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։