Վերաքննիչ դատարանը խուսափել է վերացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքը․ փաստաբան

Փաստաբանի խոսքով՝ նույնիսկ տեսաուղերձների թույլատրելի լինել–չլինելու հարցի վերաբերյալ դատարանը որոշում չի հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Վերաքննիչ դատարանը, ունենալով բոլոր հիմքերը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու համար, խուսափել է հարցին լուծում տալ՝ դա թողնելով առաջիկա դատական նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ որոշումը պաշտպանական կողմն այսօր է ստացել։ Դրանով նաև տեսաուղերձների թույլատրելի լինելու կամ չլինելու հարցը ևս չի լուծվել։
«Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է՝ շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է»,- գրում է Վարդևանյանը։
Միաժամանակ պաշտպանը վստահ է, որ իրավունքն ի վերջո գերակայելու է։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։