ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից մոտ 3 ժամ անց Միքայել անունով 18–ամյա ևս մի տղայի են ձերբակալել և խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրել։ Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա պատմում է, որ Միքայելն այդ օրը դուրս է եկել տնից աղբը թափելու, և տեսնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը, մոտեցել է և թքել նրա մեքենայի վրա։
«Այդ պահին այդ մեքենան որևէ պետական գործառույթ չէր իրականացնում, այլ միայն քաղաքական գործառույթ էր իրականացնում։ Երբ երեխային հարցնում են` ինչո՞ւ դա արեց, նա պատասխանել է, որ թուրքը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ծախել է մեր հողերը։ Այս արտահայտությունը դատախազը որակել է որպես անպարկեշտ արտահայտություն, և Միքայելին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով»,– պատմում է փաստաբանը։
Ձերբակալությունից ուղիղ 48 ժամ անց տղան ազատ է արձակվել Էրեբունու քննչական բաժնից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք` մարտի 29–ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել Սուրբ Աննա եկեղեցում։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմել էր թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել էր հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգել էր հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։ Ձերբակալված տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Եղբայրներից Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը, իսկ մյուս եղբոր` Դավիթի համար կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։