ՀԷՑ–ի պետականացման մասին օրենքը դեռ չի բողոքարկվի ՍԴ–ում․ միջնորդությունը մերժվել է

«Տաշիր Կապիտալը» 2 միջնորդություն է ներկայացրել դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Վարչական դատարանը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար Սահմանադրական դատարանը դիմելու միջնորդությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
«ՀԷՑ-ի պետականացման մասին օրենքը դեռ չի բողոքարկվի Սահմանադրական դատարանում»,- նշեցին ՀԾԿՀ-ից։
«Տաշիր Կապիտալը» ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի փորձաքննություն անցկացվի` պարզելու համար, թե արդյոք ՀԷՑ-ը՝ «Տաշիր Կապիտալ»-ի գլխավորությամբ, իրենց սերվերներից ջնջել են բաժանորդային հաշիվներին վերաբերող տվյալները։
Այս գործով վճիռը դատարանը հետաձգել է մինչև հաջորդ դատական նիստը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։