ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, չեն համապատասխանում դատարանի, քննիչի, ինչպես նաև պրոբացիոն ծառայության դիրքորոշումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության նիստից հետո Փաշինյանի հնչեցրած մտքերին։
Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ Մինչդեռ փաստաբան Վարդևանյանը գրել էր դատարանին` խնդրելով ուղիղ արձանագրել Սամվել Կարապետյանի` տեսաուղերձների հրապարակման կամ ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից պարզ է դարձել, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, թե Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա, ստում են:
«Մինչ օրս պրոբացիայի ծառայությունը գրավոր պատասխանով ինձ չի տրամադրել այն ձևակերպումները, որոնք հնչեցրել է գործադիր իշխանության ղեկավարը։ Ես իսկապես կզարմանամ, որ պրոբացիայի ծառայությունը ընդհանրապես կարողանա նման դիրքորոշում ներկայացնել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա է դեռևս 2025 թ. հունիսի 18–ի որոշումը, որը մինչ օրս պահպանվել է։ Ըստ այդ որոշման` կա հաղորդակցման սահմանափակում՝ բացառությամբ մերձավոր ազգականների և իր պաշտպանների»,– ընդգծեց փաստաբանը` ավելացնելով, որ Կարապետյանը մինչ օրս նույնիսկ իր եղբորորդուն չի կարողացել հանդիպել։
Նա ընդգծեց, որ այդ հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։
Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Պատասխան դեռ չեն ստացել։
«Քավ լիցի, եթե շուրջ արդեն 10 ամիս տևող այս ապօրինի քաղաքական հետապնդումը չեն ցանկանում դադարեցնել, չեն ցանկանում ապահովել քաղաքական գործընթացների հավասար մրցակցություն, գոնե թող խափանման միջոցը վերացնեն, որի դեպքում արդեն բոլոր սահմանափակումները վերացված կլինեն։ Ի դեպ, դատական ակտում նաև նշված է` եթե, օրինակ, տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ համաձայնեցումը և թույլատրելիությունը չապահովենք քննիչի հետ, դա հիմք կհանդիսանա տնային կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու և խստացնող այլ խափանման միջոց ընտրելու համար»,– ընդգծեց փաստաբանը` ավելացնելով, որ վստահ է` այս ամենի իրական նպատակն էլ հենց դա է եղել։
Այսինքն` եթե փաստաբանական թիմը հավատար, օրինակ, Փաշինյանի խոսքերին, և Կարապետյանը տեսաուղերձ հրապարակեր, դրան կհետևեր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին ընտրելու միջնորդությունը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։