ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Մասկատում քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:
Քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերը, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Այսօր` ավելի վաղ, հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանի՝ Օման կատարած պաշտոնական այցի շրջանակում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Հավելենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մարտի 17-19-ը գտնվում է Օմանում։