Մեկ տարեկան երեխային դաժան ծեծի ենթարկած խորթ մայրը կալանավորվեց

Խորթ մայրը փոքրիկին շուրջ 1,5 ամիս շարունակ բռնության է ենթարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ մարտի 17-ին դատախազությունից Sputnik Արմենիային ասացին, որ երեխայի խորթ մայրը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս շարունակ։ 38-ամյա կնոջը ձերբակալել էին նույն օրը, իսկ մարտի 18-ին նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 1,2 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր արչական շրջանում։