Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ–ական Արմեն Խաչատրյանին․ պահանջում է հերքում և 1 մլն դրամ

Արմեն Խաչատրյանը շաբաթներ առաջ գրառում էր արել՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած հայցապահանջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։
Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շարժական ու անշարժ գույք գույք և շուրջ 21 մլն դոլար գումար։
«2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը․․․Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»,- նման բովանդակությամբ գրառում էր արել Արմեն Խաչատրյանը՝ տարածելով դատախազության հաղորդագրությունը։
Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում և 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։