ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հերթական տուրում 2:1 հաշվով հաղթեց «Սոչիին»։ «Կրասնոդարի» 2 գոլն էլ խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։
«Կրասնոդարը» առաջնությունում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ «Սոչին»՝ վերջինը։ Չնայած դրան` Սոչիի թիմը սեփական հարկի տակ արժանի դիմադրություն ցույց տվեց։
Երբ թվում էր, թե խաղի ելքը վճռված է, հաշիվն անսպասելի հավասարեցրեց «Սոչիի» կիսապաշտպան Միխայիլ Իգնատովը։ Սակայն ավելացված 5-րդ րոպեին Սոչիի պաշտպաններից մեկը տուգանային հրապարակում բռնեց «Կրասնոդարի» առանցքային խաղացողներից մեկի` Չերնիկովի մարզաշապիկը։ Սպերցյանն իրացրեց նշանակված 11-մետրանոցը։
Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» 21-րդ տուրից հետո պահպանեց առաջատարի դիրքը առաջնությունում, իսկ Սպերցյանն իր գոլերի թիվը հասցրեց 11-ի՝ ունենալով նաև 12 գոլային փոխանցում։