«Մեղրիից ֆսսալով գալու ենք». ինչ աշխատանք է արվում Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում

Վերջին 1 շաբաթում այստեղ օրական աշխատել է 560 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիս-հարավ մայրուղու Քաջարան-Ագարակ ճանապարհահատված, որտեղ 2 թունել է կառուցվում, և ծանոթացել կատարված աշխատանքներին։ Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու թունելի հորատումն արդեն ավարտվել է։ Թունելներից մեկում սկսվել է երեսարկի բետոնացման աշխատանքները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեսանյութում ներկայացնում է տարածքը և ասում, որ այս պահին գտնվում են Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտում:
«Վերջին 1 շաբաթում այստեղ միջինում օրական աշխատել է 560 մարդ և ավելի քան 210 տեխնիկա: Մեկ աշխատանքային օրում այստեղ 60 մլն դրամի կատարողական ենք ունենում»,– նշում է Խուդաթյանը:
Այս ամենը շատ է ուրախացնում Փաշինյանին։ Նա որոշում է հետևորդներին անձամբ ցույց տալ թունելի տարածքը։
«Նայեք` ինչ է կատարվում, ժողովուրդ ջան, այսինքն` սենց Մեղրիից գալու ենք ու ֆսսալով գնանք»,– ասում է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը: Ըստ նախագծի` Քաջարան–Ագարակ հատվածը կունենա 5 տրանսպորտային հանգույց,15 կամուրջ, մեծ թվով հենապատեր և այլն։