Իրանից Ռուսաստան է վերադարձել 196 մարդ. Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանից «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հարցում աջակցության համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Կայանի աշխատակիցները Հայաստան են ժամանել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետով։
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել [ՌԴ] արտաքին գործերի նախարարությանը, մեր ուժային կառույցներին, ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարությանը՝ այս գործողությունն իրականացնելու համար։ Հարթակում մնացել է շուրջ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարող լքել այն»,-հայտարարել է Լիխաչովը։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում էսկալացիայի սկզբից ի վեր Իրանից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի։ Նրանց մեծ մասը «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մարտի 11-ին տարհանված աշխատակիցներն են։
Պուտինն անձամբ է հետևում Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ում ռուսաստանցիների անվտանգությանը. «Ռոսատոմ»
Դեսպանության դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքացիներին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: