ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում:
Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
«ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությունն են հայցել նաև առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց հետ պահպանվել է մշտական կապ՝ հրատապ հարցերը հասցեագրելու նպատակով։ Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ»,–հայտնում է մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։