ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել ՀՀ վերադարձի նոր տոմսեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով իրենց չվերթերի չեղարկման պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի` այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար»,- հայտնել է Միրզոյանը։
Եթե քաղաքացին տոմսը ձեռք է բերել ավելի ցածր արժեքով, ապա փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։ Քաղաքացիները բողոքում են նաև, որ այս օրերին կազմակերպվող հատուկենտ կոմերցիոն չվերթերի ինքնաթիռների տոմսերը չափազանց թանկ են։