ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ իշխանությունն իրավունք չունի թույլ տալ կամ չտալ որևէ քաղաքական ուժի՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու, քանի որ ունի 2–րդ և 3–րդ երկրի քաղաքացիություն։ Վերջին շրջանում խոսակցություներ են տարածվել, թե իշխող ուժը թույլ չի տալու գրանցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որպեսզի ընտրություններին չմասնակցեն։
«Կարող են առհասարակ ժողովրդավարությունը չեղյալ համարել, իրենք հավաքվեն, որոշեն, թե ով է լինելու երկրի վարչապետ կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի ղեկավար։ Կա մարդկանց կարծիք, ու թող թույլ տան, որ հանրությունը որոշում կայացնի։ Դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ, դա մեր Սահմանադրությամբ է»,- նշեց Կարապետյանը։
Շեշտեց՝ ՀՀ-ում չի եղել այնպիսի ժամանակաշրջան, երբ ընդդիմադիր ուժին թույլ չտան ընտրությունների մասնակցել։ Նման քայլի դեպքում, ըստ Կարապետյանի, ՀՀ-ի համար կփակվեն բազմաթիվ ճանապարհներ։
«ՀՀ–ն կհայտնվի նույն շրջափուլի մեջ, կմնա 2021-ի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որ այս վիճակից դուրս գանք։ Մենք առաջարկում ենք ծրագրեր՝ երկրի փոփոխության համար, մենք չենք առաջարկում մարդկանց դեմքերի փոփոխություն։ Եթե իրենք այս փոփոխություններն արած լինեին, մեր կարիքը չէր լինի։ Հիմա հասարակությունը փոփոխության պահանջ ունի, նոր հասարակությունը նոր առաջնորդության պահանջ ունի, և ժողովուրդը կորոշի։ Թող 100 000-ավոր մարդկանց փոխարեն իրենք չորոշեն»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։