Qatar Airways-ը վերսկսում է թռիչքները, սակայն դեռևս սահմանափակ թվով. մանրամասներ

Առայժմ դեպի Երևան չվերթեր իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Qatar Airways ավիաընկերությունն այսօրվանից վերսկսում է թռիչքները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով դժվարությունների մեջ հայտնված ուղևորներին աջակցելու համար: Այս մասին ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել X-ի պաշտոնական էջում։
Թռիչքները դեռևս սահմանափակ թվով են. մասնավորապես, նախատեսված են չվերթեր Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Լոնդոն, Բեռլին, Կոպենհագեն, Մադրիդ, Հռոմ և Ամստերդամ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադից դեպի Ֆրանկֆուրտ։
Առայժմ դեպի Երևան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա։
Ավիաընկերությունից հայտնում են, որ չվերթերի վերաբերյալ լրացուցիչ, թարմացված տեղեկություններ կհայտնեն մարտի 6-ին։
Միաժամանակ հորդորում են ուղևորներին անհարկի չմեկնել օդանավակայաններ, եթե նրանք դրա վերաբերյալ տեղեկատվություն չեն ստացել։ Ավիաընկերությունը խնդրում է ստուգել չվերթն ամրագրելիս ներկայացված կոնտակտային տվյալներն ու թարմացնել դրանք։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Չեղարկվել են ուղիղ և տարանցիկ հազարավոր չվերթեր Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից, Քուվեյթից, Ամմանից, Բեյրութից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից։
Հավելենք, որ մարտի 2–ից Դուբայի օդանավակայանից նույնպես սկսել են սահմանափակ թվով չվերթեր իրականացվել։