Մարտուն Գրիգորյանը գալիք ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի հետ

Գրիգորյանը տարիներ առաջ դադարեցրել էր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը խորհրդարանական գալիք ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ֆեյսբուքյան իր էջում նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա։ Ըստ նրա՝ այդ ընտրությունները լավագույն օրինակն էին այն մարդկանց համար, ովքեր կարծում էին, թե ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։
«Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է»,- իր որոշումը մեկնաբանել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ առաջիկա օրերին կխոսի Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը նախկինում անդամակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, եղել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։ 2015թ․ նա դադարեցրել էր անդամակցությունը կուսակցությանը։ 2022թ․ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է։ Նա պատգամավորական մանդատ ստացավ այն բանից հետո, երբ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը։ «Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն էր:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։