Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ-ի նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը հայտնվել են Հորմուզի նեղուցով անցման «սև ցուցակում»՝ անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո են նավարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հորմուզի նեղուցը Իրանի վերահսկողության տակ է, Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա դրանով անցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, Բրիտանիայի և եվրոպական երկրների նավերին։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ–ի էլիտար ստորաբաժանումներ) հանրային կապերի ծառայությունը։
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ բոլորը պետք է ենթարկվեն այն որոշմանը, որ ԱՄՆ-ի, Իսրայելի, եվրոպական երկրների և նրանց սատարողների հետ կապված ռազմական, առևտրային և այլ նավեր տեղաշարժի թույլտվություն չեն ստանա, իսկ հայտնաբերման դեպքում անպայման կենթարկվեն հարձակման»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ դեպի իրանական ջրեր 800 մղոնից պակաս շառավղով այլևս ամերիկյան նավեր չկան։
Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ-ի ուժերը հարձակվել են իրանական ևս մեկ նավի վրա. տեսանյութ
Ավելի վաղ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբից հայտնել էին, որ Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և անցնող նավերի հետ փոխգործակցում է միջազգային բոլոր արձանագրությունների համաձայն, սակայն չէին հստակեցրել «սև ցուցակը»։
Երեկ տվյալներ էին հայտնվել այն մասին, որ Հորմուզի նեղուցը փաստացի դատարկվել է։ Հաղորդվում էր, որ մարտի 2–ին՝ նեղուցի փակվելուց հետո, ընդամենը երկու լցանավ է անցել այնտեղով։
Նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին այդ գոտով անցնող նավերի ապահովագրությունը կտրուկ թանկացել է։ Սակագինը 0,25%-ից բարձրացել է մինչև 3%: Դատելով այս տոկոսներից՝ գներն աճել են 12 անգամ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է իրականացնում Իսրայելի տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։