Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Տեր Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է: Այսօր «Ֆեյսբուքում» նման գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել:
«Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է առաջին նախագահը:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Արհեստական դաշինք կազմելու նպատակ չունենք․ «Հայրենիքը» չի մասնակցի ԱԺ ընտրություններին