Արհեստական դաշինք կազմելու նպատակ չունենք․ «Հայրենիքը» չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Կուսակցությունը միևնույն ժամանակ հորդորում է կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նման որոշում է կայացվել գործադիր մարմնի նիստում։
Նիստի ընթացքում կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Արձանագրել են, որ իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից։
««Հայրենիքի» գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից։ Արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։ Նպատակ ունենք հնարավորինս նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների»,- ասված է հայտարարությունում։
Նշում են՝ ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։
Կուսակցությունը միևնույն ժամանակ հորդորում է կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության։
Կուսակցության գործադիր մարմնի նիստում նաև նշել են, որ ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել, քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։ Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։ Կուսակցությունում վստահ են՝ քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ։
Հավելենք, որ «Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 20-ին՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։