ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է «ՀայաՔվեն»։
«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։