ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik․ Հակակոռուպցիոն քրեական դատարանում ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Գործով հանրային մեղադրող Գոռ Հովակիմյանը ներկայացրեց փաստական տվյալներ, որոնք պետք է քննի դատարանը: Հենց այստեղ Սարգսյանի փաստաբանները խնդիր տեսան:
«Գործի նախնական մասում ասվել է, որ առգրավվել են լազերային սկավառակներ, որոնց մասին արձանագրությունում նշում չկա: Հռետորական հարց՝ ո՞ւր են լազերային սկավառակները»,– ասաց Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Սերժ Սարգսյանի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գործի եզրափակիչ մասը չի համապատասխանում նախնական նկարագրությանը:
«Նշված է, որ առգրավված սկավառակները մանրամասն նկարագրվել են արձանագրությունում, սակայն անգամ մակերեսային նկարագրություն առկա չէ, ուր մնաց՝ մանրամասն»,– նշեց Հակոբյանը:
Դատախազն արձագանքեց՝ ասելով, թե այդ փաստաթղթերը զննության են ենթարկվել, և զննության արդյունքները հետազոտելու ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Սակայն Սարգսյանի փաստաբան Հակոբյանը հակադարձեց՝ շեշտելով, որ նախնական արձանագրության մեջ նշված չէ, թե դրանք հետագայում կհետազոտվեն, այլ գրված է, որ արդեն իսկ մանրամասն նկարագրված են եզրափակիչ մասում:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։