ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իրանի մոտակայքում արդեն կենտրոնացած է ավելի քան 150 մարտական ինքնաթիռ և ԱՄՆ–ի բոլոր գործող նավերի շուրջ մեկ երրորդը: Այս մասին գրում է «Washington Post»-ը՝ վկայակոչելով թռիչքների հետևման տվյալները և արբանյակային լուսանկարները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փետրվարի 20-ին պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորություն, իսկ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նախօրեին ընդգծել է, որ իր երկիրը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:
Աշխարհի խոշորագույն «Gerald R. Ford» ավիակրի վրա, որը փետրվարի 23-ին հասել է հունական Կրետե կղզու ափեր, գտնվում են տասնյակ մարտական ինքնաթիռներ: Թերթը նշում է, որ սա երկրորդ ամերիկյան ավիակիրն է, որն ուղարկվել է Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի բոլոր գործող նավերի մոտ մեկ երրորդը այժմ գտնվում է տարածաշրջանում:
Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Իսլամական Հանրապետությունը հերքել է մեղադրանքները՝ միաժամանակ ձեռնարկելով պատասխան հարձակումներ: Կողմերը 12 օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա գրոհ իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: