ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կադրերում երևում են նաև Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները։ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը և Շավքաթ Միրզիյոևը նույնպես մասնակցել են զրույցին:
Տեսագրությունը հրապարակվել է սոցցանցերում։
Հիշեցնենք` Փաշինյանը Հայաստանից ԱՄՆ է մեկնել երեկ` փետրվարի 18-ին։ Նա և Ալիևը Վաշինգտոնում մասնակցելու են Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։
2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
Մի քանի օր անց` հունվարի 22-ին, Թրամփը Շվեյցարիայում ստորագրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։ Արարողությանն ու կանոնադրության ստորագրմանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։