Աջափնյակի արյունալի դեպքից վիրավորվածների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Բոլոր վիրավորներն այսօր արդեն կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում արյունալի դեպքերից հետո «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրասեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը ներկա դրությամբ կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ News.am- ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
««Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորները տարբեր բնույթի վնասվածքներով են, հիմնականում՝ հրազենային և հիմնականում կրծքավանդակի ու որովայնի խոռոչի շրջանում»,- ասել է Կուրղինյանը։
Բժշկի խոսքով՝ վիրահատված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխվել է դիմածնոտային, մեկը՝ վնասվածքաբանության բաժանմունք։
Մյուս 4-ն այսօր կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ՝ կրծքային վիրաբուժության, անոթային և վնասվածքաբանության։
Բժշկի խոսքով՝ վիրավորները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ են։
Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աբելյան փողոցում։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ Հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 1–ը մահացել է, 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր։
Ի՞նչ է կատարվում Աջափնյակում, որտեղ կրակոցներ են հնչել. կադրեր դեպքի վայրից