ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանի երկաթուղիների ռուսական օպերատորը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկել էր երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի հետ բարեկամ երկրի: Վարչապետը կարծում է, որ մի շարք երկրների հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է ազդում նրա մրցունակության վրա:
Զախարովայի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները տարօրինակ են և«քիչ թույլատրելի»:
«Ռուսաստանը միշտ կողմ է եղել տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Եվ դրա համար շատ–շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման ներքո է արդեն ավելի քան 20 տարի:
«Այս ընթացքում ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է կոնցեսիոն համաձայնագրի բոլոր պայմանները, այլև (երևի Երևանում մոռացել են դրա մասին) զգալի միջոցներ է ներդնում ենթակառուցվածքներում և շարժակազմերում, որոնք (պետք է ճշտել հենց ընկերությունից), որքանով ես եմ հասկանում, դեռ իրենց ծախսերը չեն փակել։ Ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը նույնպես պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են խոսել այս թեմայի շուրջ։ Ռուսական օպերատորն այն կառույցն է, որը չի զրկում Հայաստանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք», - նշել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` Թուրքիա և Ադրբեջան դուրս գալու համար Երևանի խնդրանքով երկաթուղու երկու հատվածների վերականգնման մասով Ռուսաստանի դիրքորոշումը փետրվարի 12-ին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, և հենց դա էլ Մոսկվան մտադիր է իրականացնել։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման է հանձնել 2008 թ. փետրվարին՝ 30 տարի ժամկետրով և ևս 10 տարով երկարացնելու իրավունքով: