ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավորներ Սիմա Աբովյանին և Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացվելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա կարծիքով՝ այս դատավորները կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածում նշված արարքը։ Ըստ հոդվածի՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է նաև ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դատավորներ Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը կարգալույծ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել։ Զոհրաբյանի կարծիքով՝ սա նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:
Երեք դատավորներն էլ կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «ՀՀ և Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքները:
«Պետությունը ո՛չ իր գործադիր և ո՛չ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ»,- գրում է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը հոգևոր հովվի պաշտոնում, իսկ Էդգար Հովհաննիսյանն էլ պարտավորեցրել է եկեղեցուն ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
«Եկեղեցական կանոնների համաձայն` կարգալույծ եղած հոգևորականի հետ աղոթակից լինելը հոգևորականի համար կարգալույծ լինելու հիմք է: Այս դատավորների իրավական պատասխանատվության հարցը պարզ է, բայց արդյոք այս անձինք չե՞ն վախենում հոգևոր պատասխանատվությունից: Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն հայոց կաթողիկոսը»,- գրում է Զոհրաբյանը։
Նա շեշտում է՝ դատավորներն իրենց չվերաբերող ոլորտի մասին կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել այնպես, ինչպես եթե դատավորները մի օր էլ որոշեն՝ այսուհետև արևը պետք է արևմուտքից ծագի: